Ինչո՞վ են պայմանավորված երգարվեստում առկա խնդիրները: Հաջողվա՞ծ են հեռուստատեսային երաժշտական նախագծերը: Ի՞նչ ճանապարհ են անցնում բարձրարժեք ստեղծագործությունները: Ինչպե՞ս դասական երաժշտությունը հասցնել հանրապետության հեռավոր շրջաններ: Այս և այլ հարցերի մասին է մեր զրույցը Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, կոմպոզիտոր ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆԻ հետ:
Արամ Սաթյանը գրել է «Լիլիթ», «Փոքրիկ Ցախեսը» փոփ օպերաները, «Մանեկեն» բալետը, երեք սիմֆոնիա, երկու մյուզիքլ, կոնցերտներ, բազմաթիվ սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ: Հեղինակ է նաև ավելի քան 350 երգերի, ռոմանսների, կինոյի և թատրոնի համար գրված երաժշտական գործերի:
«ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈ-ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ ԵԿԱՄՏԻ ՄԱՍԻՆ, ՎԱՐԿԱՆԻՇԻ, ՈՐ ԻՐԵՆՔ ԷԼ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ»
-Պարոն Սաթյան, Դուք և՛ դասական, և՛ էստրադային գործերի հեղինակ եք, Ձեր երգերը մրցանակների են արժանացել հանրապետական և միջազգային մրցույթներում, սիրված են հանրության շրջանում: Մեր օրերում էստրադային երգարվեստին փոխարինելու են եկել «փոփ ռաբիս», «վեց-ութ» հասկացությունները: Ի՞նչն է փոխվել. պահանջա՞րկը, թե՞ ոչ պրոֆեսիոնալների «առատությունը»:
-Շուկայական հարաբերություններ են, ասպարեզ է դուրս գալիս նա, ով անձնական կապեր ու փող ունի: Հաջողության հասնելու համար պետք են ֆինանսներ, շարմ, ձայնային տվյալներ, ժամանակի զգացողություն: Բոլորը` մեկում: Դա բարդ պրոցես է: Հեռուստառադիոընկերությունների ղեկավարները մտածում են եկամտի մասին, վարկանիշի, որ իրենք էլ ստեղծել են: Նրանք չեն էլ ուզում փորձել մտնել էքսպերիմենտալ դաշտը: Ցավոք, շատ հեռուստաընկերություններում չկան նույնիսկ երաժշտական խմբագիրներ, մարդիկ են, որ գումարի դիմաց կամ ըստ ճաշակի ընտրում են այս կամ այն երգն ու սկսում շրջանառել: Կոմպոզիտորների միությունն այս պարագայում ոչինչ անել չի կարող: Պրոֆեսիոնալները շատ հաճախ անտեսվում են: Ինչ-որ կամակատար կարող է ասել` այս երգն այն չէ, ինձ ուրիշ բան է պետք, ու տնօրինել պրոֆեսիոնալի հետագա ուղին:
«ՀԱՂԹԵՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈՉ ՃՇՄԱՐԻՏ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
-Ինչպե՞ս և ե՞րբ սկսվեց ռաբիսի «հաղթարշավը»:
-Ռաբիսը բեմահարթակ դուրս եկավ 1996-ից (մինչ այդ ուներ իր տեղը, որոշ կազմակերպություններ ապահովում էին ռաբիսի գործունեությունը): Ինչի՞ համար էր դա. եթե հեռուստատեսությամբ ելույթ ես ունենում, հոնորարդ բարձրանում է հարսանիքում: ՈՒ այն, ինչ հարսանիքում, թաղման ժամանակ էր հնչում, գրավեց նշաձողը, որ պետք է զբաղեցնեին բոլորովին ուրիշ մարդիկ: Այսինքն, հաղթեց ֆինանսական ոչ ճշմարիտ քաղաքականությունը:
-Ո՞րն է ելքը:
-Պետք է հասկանանք՝ ինչ է կատարվում, համախմբվենք, հետևություններ անենք: Մեր միությունը պատրաստ է աշխատելու բոլոր հեռուստաընկերությունների և անհատների հետ:
-Կար մի շրջան, երբ չափից շատ էին սիրո, հատկապես՝ մերժված, դժբախտ սիրո մասին երգերը, ու ամենաշատը դրանք էին քարկոծվում: Ինչպե՞ս պետք է գրել սիրո մասին, որ դժգոհություն չծնի, որ ապրի երգը: Այստեղ կարելի է նկատել, որ խորհրդային տարիներին կոմերիտմիության, կոմկուսի հոբելյաններին նվիրված մրցույթներում Դուք սիրո մասին երգեր եք ներկայացրել ու մրցանակների արժանացել: Անգամ Առնո Բաբաջանյանն է նկատել. «Ինչքան լավ ես գրել, որ սիրո մասին երգդ մրցանակի է արժանացել»:
-Առաջին հերթին պետք է սիրել ու սիրել ոչ բառերով: Կարելի է սիրո մասին գրել առանց «սեր» բառը գործածելու: Ժամանակին երկրաշարժի մասին երգ գրեցի: «Երկրաշարժ» բառը չկար, բայց կար վիճակ, տրամադրություն: Երգը տարածվեց: Եթե մարդուն ուղիղ մի բան ես ասում, գուցե չընկալի, բայց երբ ներաշխարհի վրա ես ազդում, սկսում է հուզել ու ապրել:
-Սահմանամերձ գյուղերում, զորամասերում կինոդիտումներ, երաժշտական միջոցառումներ են կազմակերպվում: ԵԿՄ-ն նույնպես նախաձեռնել էր համերգներ սահմանային գոտիներում գտնվող զորամասերում: Մարզերում մշակութային միջոցառումների պահանջարկը կա, ի՞նչ է պետք լրացնելու համար բացը:
-Պետական ծրագիր է պետք, մի փոքր էլ ֆինանսական աջակցություն, որպեսզի հանրապետության ողջ տարածքում համերգներ լինեն:
«ԵՍ ԴԵՄ ՉԵՄ ՇՈՈՒՆԵՐԻՆ, ԲԱՅՑ ՈՒԶՈՒՄ ԵՄ ԴՐԱՆՑՈՒՄ ՄԻ ԱՌՈՂՋ ԲԱՆ ԼԻՆԻ»
-Հեռուստատեսային երաժշտական նախագծերի մասին ի՞նչ կասեք: Դրանք ուղի հարթո՞ւմ են տաղանդների համար, թե՞ շոուից այն կողմ չեն անցնում:
-Ինչ տեսել եմ, շոու է: Ես դեմ չեմ շոուներին, բայց ուզում եմ դրանցում մի առողջ բան լինի: Վերցնենք «Սուպերսթարը», շատ լավ նախագիծ է, բայց ապագա, շարունակություն, ըստ իս, չունի: Երգիչը կամ երգչուհին շահում են առաջին կամ երկրորդ տեղը, հետո՞: Ո՞վ է այդ արտիստին հետագայում աջակցում: Հեռուստաընկերությո՞ւնը: Ամեն հեռուստաալիք իր դերասանն ունի, իր երգիչը, ասես սեփականություն լինեն: Աննշան ֆինանսավորում են ստանում ու իրավունք չունեն այլ հեռուստաընկերություններով անգամ ներկայանալու: Խնդիրները շատ են, մեկ հարցազրույցի շրջանակում հնարավոր չէ ամեն ինչի մասին խոսել: Ես էլի եմ ասում` մենք հիմնականում չգիտենք, թե ովքեր են ապրում մեր կողքին: Միությունների դերը դա է՝ ներկայացնել արվեստագետին մեզ մոտ և դրսում, այդ մարդկանց սիրով վերաբերվել, ոչ թե ջարդել: Նրանք մեր ապագան են:
-«Երաժշտական փոստարկղը» ժամանակին լավագույն ծրագրերից էր, չի՞ արժեզրկվում այդ գեղեցիկ «հիշողությունը», երբ այն ներկայացնում ենք այսօր:
-Նոր մոտեցում, նոր ծրագրեր են պետք: Ինչ արել ես երեկ, չես կարող կրկնել այսօր, պետք է գտնել ավելի կատարյալ տարբերակ:
-Ի՞նչ կասեք վերջում:
-Եկեք տեր լինենք մեր արվեստագետին, մեր ունեցածին, ինքներս մեզ:
Հարցազրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ